Ախալքալաք, քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք նահանգի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն: Ախալքալաքը հիշատակվում է XII դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների` վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. Ադրիանուպոլսի պայմանագրով այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ: Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թ. նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների մջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։