Ախալցխա (Ախալցիխե) թարգմանաբար` «նոր ամրոց»), քաղաք Վրաստանի հարավում, Ախալցխայի շրջանի շրջկենտրոն, Սամցխե-Ջավախք նահանգի վարչական կենտրոն: Հիմնադրվել է XII դ առաջին կեսին, տեղակայված է Փոցխով գետի վրա (Կուր գետի վտակ): Քաղաքով անցնում են Բաթում, Բորժոմ, Ախալքալաք գնացող մայրւղիները:
XIV դարից մինչև XVI դարի 80-ական թթ Ախալցխան Սամցխե-Ջավախք տարածաշրջանի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնն էր, Ջաղեցի տոհմի աթաբեկների նստավայր: 1579թ. քաղաքն ընկնում է Օսմանյան կայսրության իշխանության տակ, 1628 թ-ից քաղաքը դառնում է Օսմանյան կայսրության Ախալցխայի նահանգի կենտրոնը: 1829 թ. Ադրիանուպոլսի հաշտության արդյունքում Ախալցխան միացվել է Ռուսական կայսրությանը: Ախալցխան նախքան 1917թ, ուներ ինը հայկական եկեղեցի (որից այժմ կանգուն է ընդամենը երեքը, գործում է մեկը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին): Մեկ այլ եկեղեցին Սբ. Նշանը, թեև կանգուն է, սակայն Խորհրդային Միության տարիներին բռնագրավվելուց հետո առ այսօր չի վերադարձվել Վիրահայոց թեմին: