Անթեպ, քաղաք Թուրքիայի հարավում, Եփրատի վտակ Սաջուրի ափին, Գազիանթեպ վիլայեթի կենտրոնը: Խաչակիրների օրոք Այնթապը մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ: 1266-ին Կիլիկիայի Հայոց Հեթում I թագավորը երկու անգամ արշավեց Այնթապի վրա, բայց չկարողացավ գրավել: 13-14-րդ դդ. գտնվում էր Եգիպտական սուլթանների գերիշխանության տակ: 1404-ին Այնթապը ավերեցին Լենկթեմուրի զորքերը: 1516-ին Այնթապն ընկավ թուրքերի ձեռքը:
18-րդ դարում Այնթապի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր հայաբնակ են եղել: 20-րդ դարի սկզբներին Այնթապն ուներ 50 հզ. բնակչություն, որից 20 հզ. հայ: Այնթապում կար 6 հայկական եկեղեցի, որոնցից Ս. Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1873-93-ին, ճարտարապետ Սարգիս Պալյանի կողմից: Քաղաքում կային 17 վարժարան և զանազան մշակութային ընկերություններ: