Ուրֆա, Օրֆա, Ռուհա, քաղաք, համանուն իլի կենտրոնը Թուրքիայում: Խճուղային ճանապարհների հանգույց: Ունի օդանավակայան, գյուղատնտեսական շրջանի առևտրի կենտրոն է: Հին Եդեսիան է: XIXդ. սկզբին ուներ մոտ 2 հզ. տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին` 35 հզ. հայ բնակիչ: Հռչակված էին հայ քարակոփները կտավագործները, բրուտները:
Հայկական թաղը բարձրադիր էր, առանձնացված թուրքականից: Պահպանվել էին բյուզ. Կայսր Հուստինիանոսի կառուցած ամրոցի մնացորդները /շրջապատված 12մ խորությամբ արհեստական խրամով/, եռանկյունաձև պարիսպները` քառանկյուն աշտարակներով: Ամրոցի մոտակայքում կային մոտ 200 ժայռափոր` երկար ներքնուղիներով անձավներ: XVIIIդ. Ստեփանոս ճարտարապետը Ուրֆայում կառուցել է բազմաթիվ շինություններ: Հայերի Ս. Աստվածածին եկեղեցին արքեպիսկոպոսի նստավայրն էր` կից վարժարանով, որտեղ XXդ. սկզբին սովորում էր 1140 աշակերտ: Ս. Սարգիս վանքում կար որբանոց (66 սան): Քաղաքի կաթոլիկ հայերն ունեին եկեղեցի և 6 տարրական դպրոց 350 աշակերտով: Հայտնի ուխտավայր էին քաղաքամերձ Ս. Սարգիս վանքը և ավանդաբար Աբգար թագավորին վերագրվող դամբարանը: Եդեսիայում 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց գրերը: