Կարին, Թեոդոսուպոլիս, Արզրում, Քարին – քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Կարինի գավառում, Կարինի սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000մ. բարձրության վրա: Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա հիմնադրումը վերագրում են Ք.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց /Հայասական/ թագավոր Կարանիին, որից էլ առաջացել է Կարին անունը:
885 թ. Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: 949 թ. Բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ., երբ սելջուկ թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծնքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենիքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում, Արզրում, Էրզրում անունները: Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը:
Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք: 19-րդ դ-ի վերջին 20-ի սկզբներին Կարինում գործում էին Աղաբալյան, Արծնյան, Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան և Տեր-Ազարյան դպրոցները: Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը: Այդ ժամանակ Կարինում կար նաև երեք մանկապարտեզ:
Կարինի պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել: Այն ինչ մնացել է համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Դրանցից նշանավորը Սբ. Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է 1840 թ.՝ 7-րդ դարի հին շինության տեղում: Սբ.Աստվածածին եկեղեցու մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ հայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11-12րդ դարերի տապանաքարեր:
Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին, Եղիա Կարնեցին, ՙՊաշտպան հայրենյաց՚ խմբակի ղեկավար Խաչատուր Կերեկցյանը, մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը, գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին, խորհրդահայ նկարիչ Ա.Ալեքսանյանը: