Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ` մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։ Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին: Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր, կլիման բարեխառն լեռնային է` մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։
Տաթևի վանք — միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիանքաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից Տաթևի վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թվականին կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Ըստ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի քննարկման, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր: 2010 թվականին ավարտվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը Տաթևում, որը 5.7 կմ է: Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, և ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը: