Ցոլակերտ, Իգդըր, Իղդիր - գյուղ, ավան, գյուղաքաղաք Երևանի նահանգի Սուրմալուի գավառում: Նրա վարչական կենտրոնն էր: Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին Իգդիրն ուներ ավելի քան 10.000 հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829 թ.: 1920 թ. Իգդիրը գրավվեց թուրքերի կողմից և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:
Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օր.` նկարիչ Է. Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և Դրաստամատ Կանայանը` Դրոն: