Խարբերդը տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ամրոց, բերդ, բերդաքաղաք, քաղաք։ Գտնվում է Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, գետափից 13—14 կմ հեռավորություն ունեցող սարավանդի վրա, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս արևելք։ Քաղաքից հարավարևելք Ծովք (Գյոլջիկ) լիճն է, որտեղից սկիզբ է առնում Տիգրիսի ակունքներից մեկը՝ Արևմտյան Տիգրիսը։ Այդ լճակում գտնվող փոքրիկ կղզյակի վրա միջին դարերում կառուցվել էր կաթողիկոսական դղյակ, որը որոշ ժամանակ իր աթոռանիստն էր դարձրել նաև Ներսես Շնորհալին։
Էփրիկյանի տվյալներով XX դարի սկզբին Խարբերդի բնակչության քանակը մոտ 12200 էր, որից հայեր` 6080, իսկ թուրքեր և ուրիշ ազգություններին պատկանողներ՝ 6120 մարդ։ զանգվածային արտագաղթն ու բռնի տեղահանությունը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թ. մեծ եղեռնի օրերին։ Այստեղ տարագրությունը սկսվել էր 1915 թ. հունիսի 26–ից։ Այդ նույն թվականի վերջերին, մեծ տեղահանությունից հետո, քաղաքում մնացել էր միայն 2000 հայ բնակիչ, իսկ 20-րդ դարի 60–ական թվականներին՝ 1000։ Խարբերդցիները սփռվել են աշխարհով մեկ։ Նրանց մի զգալի մասն էլ գաղթել ու բնակություն է հաստատել Խորհրդային Հայաստանում։
Խարբերդի հնությունների մեջ ամենից կարևորը բերդն էր, որը գտնվում էր Հայկական Տավրոս լեռնահամակարգին պատկանող մի լեռնագագաթի վրա: Բերդի կառուցումը վերագրում են Ծոփաց նախարարներին ու թագավորներին (II դ. Ք. ա. - IV դ. Ք.հ.):
XIX դ. երկրորդ կեսին Խարբերդում կային տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր վիճակում գտնվող հայկական 6 եկեղեցի, որոնցից 5-ը լուսավորչական, իսկ մեկը՝ բողոքական։ Առաջինները կրում էին ս. Կարապետ, ս. Հակոբ, ս. Նշան, ս. Ստեփանոս և ս. Սարգիս անունները, իսկ բողոքականների եկեղեցին կոչվում էր ս. Աստվածածին, որին թուրքերը տվել էին Կզըլ–քիլիսա անունը։ Քաղաքում կային նաև մի քանի մզկիթներ։