Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։ Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։
Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, որտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։ 1894 թ. Գելիեգուզան, Շենիկ, Սեմալ, Տալվորիկ և ուրիշ գյուղերի բնակիչները կռվելով քուրդ զինված հրոսակների դեմ, հաղթեցին և ետ մղեցին թշնամուն ու շրջակա ռազմատենչ ցեղերի վրա ահ ու սարսափ տարածեցին։