Մատիրուպոլիս, Նփըրկերտ, Մուաֆարկին, Ֆարկին, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նըփրկերտ գավառում, Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթի օժանդակ Նիկեփորիոնի ափին: Աղբյուրներում և պատմագիտության մեջ հաճախ շփոթվել է Դիարբեքիրի հետ: Հիմնադրել է Տիգրան Մեծը՝ Ք.ա. 70-ական թթ.և կոչել իր անունով: Տիգրան Մեծն այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը:
Տիգրանակերտը, Ապիանոսի վկայությամբ, շրջապատված է եղել 50 կանգուն /25մ/ բարձրությամբ պարսպապատով, որի մեջ ներսի կողմից կառուցված են եղել պահեստներ, զինանոցներ, ախոռներ: Ունեցել է միջնաբերդ: Տիգրան Մեծի շքեղ պալատը գտնվել է քաղաքից դուրս , պարտեզների և ծաղկանոցների մեջ: Տիգրան Մեծը Տիգրանակերտում վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների, բայց բնակչության հիմնական զանգվածը կազմել են օտարերկրացիները: Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ծաղկուն ժամանակ ունեցել է մոտ 100 հզ. բնակչություն: