Տարսուս, Տարսոս, Թարսիս, քաղաք Դաշտային Կիլիկիայում Կյուդնոս /Տարսոն/ գետի զույգ ափերին: Տարսոնի հիմնադրումն ավանդությունը վերագրում է Տարսիսին /Նոյի որդի Հաբեթի սերնդից/: Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են Աստվածաշնչում հիշատակված վաճառաշահ Թարշիշին: Տարսոնը մ.թ.ա. VI-IV հազարամյակներում եղել է նեոլիթյան բնակավայր, մ.թ.ա. III-II հազարամյակներում` բրոնզի մշակման կենտրոն և ամրացված բերդաքաղաք, այն կարևոր դեր է խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում: Տարսոնում ծաղկել և զարգացել է հելլենիստական մշակույթը, դարձել գիտության առաջատար կենտրոն / Ստրաբոնն այն անվանել է Աթենքի ու Ալեքսանդրիայի մրցակից/: Տարսոնը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ, կարևոր դեր խաղացել ցամաքային և ծովային առևտրում:
Ք.ա. 80-70-ական թ.թ. Տարսոնը մտել է Տիգրան Բ Մեծի հելլենիստական տերության, ապա` Հռոմեական կայսրության մեջ: Հուլիոս Կեսարը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս: Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը Տարսոնը դարձրել է իր տերության մայրաքաղաքը և մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Տարսոնում է ծնվել նաև Աստվածաշնչի Նոր կտակարանի գրքերի մեծ մասի հեղինակ Պողոս առաքյալը: