Տերջան, Թերջան գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Արևմտյան Եփրատի վերին հովտում: Համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի Թերջանի սանջակին: 1909-ին Տերջանը ուներ 231 գյուղ, 31-ը` հայաբնակ: Արևմուտքում սահմանակից էր Եկեղյաց, արևելքում` Կարնո, հյուսիսում` Ապերի, հարավում` Մանանաղի գավառներին: Տարածքը մոտ 2575 կմ2, ընդգրկելով Տերջանի և Աշկալայի դաշտերը: Լեռներից նշանավոր են Մարիամը, Պախրը, Խաչդաղը, Խալխալը:
Տերջանը հայերի բնօրրաններից Է: Արշակունիների թագավորության շրջանում ևս Տերջանը եղել է Հայաստանի կազմում: Ագաթանգեղոսը Տերջանը հիշատակում է որպես քրիստոնեության տարածման առաջին վայրերց մեկը, իսկ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Մեսրոպ Մաշտոցը հայերեն այբուբենը սովորեցնելու համար Տերջանում վերակացու է նշանակել Գինդ եպիսկոպոսին: