Տիգրանակերտը հին հայկական, հելլենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչենագետի աջ ափին։ Կառուցվել է Ք.ա. I դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ 2010 թ. Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ: Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս` վրան օձապատկեր: