Հնում սովորաբար կոչվել է Որմիա, իսկ հետագայում Ուրմիա՝ լճի անունով։ Ժողովուրդը անվանել է Ուռմի։ Հիշատակվում է դեռևս ասորեստանյան սեպագիր արձանագրություններում։ Գտնվում է Ուրմիա լճի արևմտյան կողմում, նույն լիճը թափվող մի գետակի գետաբերանի մոտ, շրջակայքի նկատմամբ բարձրադիր վայրում, շրջապատված այգիներով ու պարտեզներով, բրնձի ընդարձակ ցանքերով։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի մեջ:
1906 թ. տվյալներով Ուրմիայում ապրում էին 60 տուն հայեր, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 70 տուն։ Ուրմիայի հայերը հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ ու առևտրով։ Քաղաքի հայությունն ունի մի գեղեցիկ եկեղեցի, որը կառուցվել է 1889 - 1891 թվականներին։ Եկեղեցու բակում էլ գտնվում էր հայկական գիշերօթիկ դպրոցը, որը ոչ մեծ, բայց երկհարկանի գեղեցիկ շենք էր։
Ուրմիայի շրջակայքում կային զուտ հայաբնակ գյուղեր՝ Գյարդուբադ, Բաբարի, Նախշվան-թաթա, Իսալու։