Մեկնում
Առաջիկա տուր

Վան

Վան քաղաքը հիմնադրվել է Ք.ա. IX դարում Վանի Սարդուրի թագավորի կողմից։ Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով։ ։ Քաղաքի կեսը թաղված է այգիների մեջ, այդ թաղամասը մինչև օրս հայտնի է Այգեստան անունով։ Կենտրոնական մասում վեր է խոյանում մի լեռնաճյուղ-ժայռ, որի վրա զետեղված է եղել ուրարտական միջնաբերդը։ Քաղաքից դեպի արևելք, ոչ հեռու բարձրանում է Վարագա լեռն իր համանուն երկու վանքով:
Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է և գոյություն ունի մինչև օրս։ Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX — XIII դարերում: Ըստ համեմատաբար արժանահավատ աղբյուրների, Վանը 1805—1806 թվականներին ունեցել է 15 — 20 հազար բնակիչ, մեծ մասը հայեր, 1890-ական թվականներին նրա բնակչության թիվը հասնում էր 40 հազար մարդու, որից 25 հազարը հայեր էին։ Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև 1915թ. մեծ եղեռնի նախօրյակին։
XIX դարում և ХХ-ի սկզբներին Վանը հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր: Այստեղ գործում էին տարբեր կարգի 10 վարժարաններ մոտ 1700 աշակերտներով։ Դրանցից համեմատաբար խոշոր և հայտնի էին Փորթուգալյան կենտրոնական վարժարանը և ս. Ղուկասյան ու Երեմյան կրթարանները: 1880-ական թվականներին Վան-Վասպուրականը հայ հասարակական-քաղաքական կյանքի ամենանշանավոր կենտրոններից էր, շնորհիվ այնտեղ իրենց գործունեությունը ծավալած <<երեք նշանավոր Մկրտիչների>>՝ <<Արմենիա>> թերթի խմբագիր Մկրտիչ փորթուգալյանի, Արմենական կուսակցության հիմնադիր Մկրտիչ Ավետիսյանի և Մկրտիչ Խրիմյանի (1890 թ.-ից Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի):
XX դարի սկզբին Վանն ունեցել է 5500 տուն, որից 3000-ը՝ հայկական։ Քաղաքը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը պարսպապատ բուն քաղաքն էր և կոչվում էր Քաղաքամեջ, իսկ մյուսը դրանից արևելք գտնվող Այգեստանն էր` փռված ընդարձակ տարածության վրա։

Մհերի Դուռ

Բարձր լեռան լանջին գտնվում են Չարխի ֆալակը և Մհերի դուռը: Դրանցից առաջինը լեռան գագաթից մինչև նրա խորքերն իջնող անցք է, որն ըստ ավանդության տանում է դեպի Բախտի անիվը (Չարխի ֆալակը): Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով: Ժողովուրդն այն անվանել է Մհերի դուռ: Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն: Նրանում սահմանված են Վանի թագավորության տարբեր աստվածներին ու աստվածուհիներին զոհաբերվելիք եզների ու ոչխարների քանակը:
Վանում է գտնվում Ագռավի կամ Ակրփու քար կոչվող ժայռը, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը:

  • Մհերի դուռը Վան
  • Մհերի դուռ Արեւմտյան Հայաստան Վան
Վարագավանք

Ներքին Վարագի վրա գտնվում է Սբ. Նշանի անվան Վարագա վանքը, որը կոչվում է նաև Մենաստան Վարագա Սբ. Խաչի: Սա Վասպուրական աշխարհի պաշտելի սրբավայրերից մեկն է: Գտնվում է Վարագա լեռան հարավային ստորոտում, Վանից արևելք, մոտ վեց կմ. հեռավորության վրա:
Վարագավանքը հիմնվել է 10-րդ դարի վերջերին: 1860-ական թվականներին այս վանքը նշանավոր դարձավ Խրիմյան Հայրիկի օրոք, որը այստեղ բացեց գիշերօթիկ ժառանգավորած դպրոց, հիմնեց տպարան և հրատարակեց ՙԱրծիվ Վասպուրականի՚ ամսագիրը:
Վարագա վանքի Սբ Խաչը մի հոյակապ տաճար է: Թուրքերը կոչել են ՙԵդդի Քիլիսե՚, այսինքն` Յոթ տաճար, որովհետև Ս.Խաչ վանքի շրջակայքում եղել են նաև վեց այլ տաճարներ զանազան անուններով:
Առասպելի համաձայն` վանքը կառուցվել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմի օրոք (1003-1021 թթ.), սակայն այստեղ դրանից առաջ ևս եղել են կրոնական կառույցներ: Համաձայն առասպելի` III դարի վերջերին Սուրբ Գայանեն և Հռիփսիմեն Հայաստանով անցնելիս Հիսուսի խաչի մասունքը բերել են Վան: Հայտնի է, որ Սուրբ Գայանեի և Հռիփոիմեի՝ Վասպուրականից հեռանալուց հետո այս մասունքը մինչև VII  դար կորած է համարվել: Այն Վարագա լեռան վրա գտնել է մի վանական և բերել է Վարագավանք: Սենեքերիմ արքան, իր թագավորության ամենասուրբ մասունքը պահպանելու համար, գոյություն ունեցող համալիրը ընդարձակել և վանք է կառուցել:
Վանքի եկեղեցիները`
1.Սուրբ Սոֆիա եկեղեցի 2.Սուրբ Հովհաննես եկեղցի 3.Տիրամոր եկեղեցի 4.Սուրբ Գևորգ ժամատուն 5.Սուրբ Սեալ մատուռ 6.Սուրբ Խաչ եկեղեցի 7.Սուրբ Սիոն եկեղեցի Տես նաեւ...

  • Վարագավանքը 1923թ.-ին
  • Վարագավանքի ավերակները
  • Վարագավանք
  • Արձանագրություն մուտքի վրա
  • Վարագավանքը ներսից
  • Արևմտյան Հայաստան,  Վան, Վարագավանք
  • Վարագավանք
Վանա լիճ

Վանա լիճը իր ամբողջ ավազանով հանդիսանում է Վասպուրականի հմայքը: Ծովի մակարդակից բարձր է մոտ 1650 մ, մակերեսը գրավում է շուրջ 3,7 հազար քառակուսի կմ. տարածություն: Վանա լճի առավելագույն երկարությունը 124 կմ է, իսկ լայնությունը մոտ 51 կմ.: Միջին խորությունը 145 մետր, բայց մինչև 500մ խորություն ունեցող մասեր կան: Վանա լճի մակարդակը տարիների ընթացքում տալիս է զգալի տատանումներ, ընդ որում նրա ափերին առաջանում են նորանոր ծոցեր ու թերակղզիներ: Մոտ 2,5 անգամ մեծ է Սևանից:
Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով: Նրա հարավային մասում բարձրանում են Հայկական Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են` Արտոս և Եղերով սարերը:
Պատմական անցյալում Վանա լիճը հայտնի է եղել` ՙՆաիրի Վերին Ծով՚, ՙՏոսպա ծով՚, ՙԲզնունյաց ծով՚, ՙՌշտունյաց ծով՚, ՙԱրծրունյաց ծով՚, ՙԱղթամարի ծով՚ անուններով: Լճի ջուրը շատ աղի է, որի պատճառով էլ ոչ ոռոգման համար է պիտանի և ոչ էլ խմելու: Միայն խիստ ցրտերի ժամանակ լճի հյուսիս-արևելյան ափերը ծածկվում են սառույցի բարակ շերտով:
Լճում կան թվով վեց կղզիներ: Դրանցից երկուսը գտնվում են լճի հյուսիսային մասում, իսկ չորսը` արևելյան: Ավելի նշանավոր են արևելյան մասում գտնվող չորս կղզիները` Աղթամար,Լիմ, Կտուց և Առտեր: Այս կղզիներից երեքը եղել են մենաստաններ և ունեցել են վանքեր: Կղզիներից Լիմը ամենամեծն է տարածությամբ, բայց նշանավոր է Աղթամարը:

  • Արևմտյան Հայաստան, Վանա լիճ
  • Վանա լիճ
  • Վանա լիճ, Աղթամար կղզի
Պատկերադարան
  • Վանա կատվի արձանը
  • Վանա կատու
  • Վանա բերդ, Արևմտյան Հայաստան
  • Վանա բերդ
  • Վանա բերդ
  • Վան, Արևմտյան Հայաստան
Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ